ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է

«ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է
01.12.2009 | 00:00

Աշնան վերջին օրը «Իրավունք de facto» ակումբը հյուրընկալել էր «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով հենց սկզբում ասաց, որ և՛ արտաքին, և՛ ներքին հարցերում Հայաստանը «փակուղի» է մտել։ Իր այս դիտարկումը բանախոսը հիմնավորեց ՀՀԿ-ի վերջին համագումարի օրինակով: «Այնտեղ որևէ նոր միտք, գաղափար չհնչեց։ ԽՄԿԿ համագումարի նման ցուցադրական համագումար էր, որի ժամանակ Սերժ Սարգսյանը, ինչպես Մեդվեդևը, խոսեց մոդեռնիզացիայից: Տպավորությունս այնպիսին էր, որ ամբողջ համագումարը ջայլամային քաղաքականության մեջ էր: Իմ կյանքում նաև առաջին անգամ լսեցի, որ պարտք վերցնելը լավ բան է։ Մինչ այդ, միշտ մտածել եմ, որ արտաքին պարտքը պետական բյուջեի համար դառնում է շատ մեծ բեռ»։ Իսկ մոդեռնիզացիան բանախոսն այսպես գնահատեց: «Մնացել էր միայն մոդեռնիզացիան: Մեզ մոտ ամեն ինչ վատ է, քանի որ երկխոսություն չկա... Եթե հաջորդ տարի էլ ոչինչ չեղավ, ես առաջարկելու եմ, որ ամբողջ ժողովուրդն ընդունվի հանրապետական կուսակցություն։ Սրանով, գուցե, մոդեռնիզացիան ինչ-որ ձևով առաջ գնա։ Եթե մոդեռնիզացիան Արտաշես Գեղամյանի ելույթն էր, ուրեմն այդպես է։ Ինձ զանգում-հարցնում են` էլ ավելով չի՞ քշելու։ Որևէ վատ բան չեմ ուզում ասել, յուրաքանչյուր ոք, ի վերջո, սկսում է հոգնել արմատական ընդդիմություն լինելուց, առավել ևս, եթե մարդն իրոք արմատական ընդդիմադիր չէ ստեղծված համակարգին: Կարծում եմ` հաջորդ համագումարին արմատականներից էլի հաճախորդներ տեսնելու ենք»: Սակայն Կարապետյանը չցանկացավ անուններ հնչեցնել, նշեց միայն, որ դրանց թվում չի լինելու Տեր-Պետրոսյանը: «Եթե այսքանից հետո Տեր-Պետրոսյանը գնա-դառնա Սերժ Սարգսյանի համագումարի «հաճախորդ», ուրեմն այս երկրում ինչ-որ բան այն չէ»։ Ինչ վերաբերում է ընդդիմության գործունեությանը, ապա` «2009-ը ռադիկալ ընդդիմության տարի էր։ Ընդդիմացման գործընթացը շարունակվում է: Այլ հարց է` կա՞ քաղաքական այն պահը, որ իշխանափոխությունը հնարավոր լինի։ Դեռ ոչ։ Սակայն սա չի նշանակում, որ գործընթացն այս ուղղությամբ չի գնում։ Անպայման մի օր ժողովրդական ալիք բարձրանալու է, իսկ դա կլինի, երբ համբերության բաժակը լցվի։ Եթե այդ ալիքը ճիշտ առաջնորդ ունենա, Սերժ Սարգսյանին այլևս պետք չէ մտածել ինչ-որ բան մոդեռնիզացնելու մասին»: Իսկ «ճիշտ առաջնորդները», ըստ նրա, առկա քաղաքական դաշտի «նորմալ մարդիկ են»։ «Պետք չէ լուսնից մարդ իջեցնել»։
Իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորությունն էլ Կարապետյանը «քաղաքական կոպիտ սխալ» է համարում։ «Ի՞նչ երկխոսություն, ինչի՞ շուրջ։ Տեր-Պետրոսյանը տասն օր հանրահավաք անցկացրեց մինչ մարտի 1-ը, իշխանությանն ինչն էր խանգարում երկխոսել նրա հետ, երեք ժամով թողնեին էդ թիկնապահները նրա հետ լինեին։ Ինչու էին կաթողիկոս ուղարկում, դելտապլաններ իջեցնում։ Իրականում ոչ մեկն էլ չի ուզեցել երկխոսել»։
ՆԺԿ ղեկավարը չխնայեց նաև իշխանական որոշ ուժերին: «Ի՞նչ է նշանակում ԲՀԿ-ն բախվում է ՀՀԿ-ի հետ, որտե՞ղ, ինչո՞ւմ։ Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի տեսակետը։ ԲՀԿ-ն ասում է` մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերություններին, եթե այնտեղ կան նախապայմաններ։ Է՜, սաղ աշխարհը գիտի, որ էնտեղ նախապայմաններ կան, հիմա դե՞մ են, թե՞ ոչ։ Կամ` ինչո՞ւ Բարսեղ Բեգլարյանին չի կարելի կուսակցություն ունենալ, իսկ Գագիկ Ծառուկյանին կարելի է։ Ո՞րն է տրամաբանությունը»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Կարապետյանը փաստեց, որ գործընթացը «կանգնած» է, և «ելքի փնտրտուք է գնում»։ Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ակումբի հյուրի տեսակետն առավել քան հոռետեսական էր։ «Կարծում եմ` շրջանակային համաձայնագիրն արդեն համաձայնեցված է, որի մեջ մտնում են հինգ շրջանների վերադարձը, վեցերորդը` ավելի ուշ և հանրաքվեի հետ կապված հարցերը»։ Ըստ Կարապետյանի` ՀՀԿ համագումարում այս թեմային առնչվող Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է ենթադրել, որ «այս ամենը լինելու է մեկ փաթեթով, և եթե նրանք փորձեն պատերազմել, ուրեմն մենք պատասխանելու ենք պատերազմով»։
Քաղաքական բացահայտումների առաջամարտիկ համարվող ՆԺԿ ղեկավարն այս անգամ ևս բացառություն չարեց, խոստանալով, որ մինչև դեկտեմբերի 20-ը հրապարակելու է տեսաերիզ, որտեղ ներկայացված են լինելու արտերկրում Հայաստանի դեսպանների գործունեության ստվերոտ կողմերն ու շատ այլ բաներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ